Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Այս մասին ասված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ բարձրաստիճան այս երկու սպաները քրեական գործով տվել էին գործի մյուս նյութերի հետ հակասության մեջ չգտնվող, Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ:
«Այս գործելաոճը պաշտպանական կողմի մոտ խորացնում է առկա լուրջ մտահոգությունները՝ ցանկացած, այդ թվում՝ նաև օրենքով արգելված մեթոդներով նախաքննությունը ԱԱԾ-ի նախընտրած ուղենիշով տանելու, Դավիթ Տոնոյանին, որքան հնարավոր է, երկար ժամանակ կալանքի տակ պահելու և արդեն իսկ փլուզված գործի՝ հիմնավոր լինելու պատրանք ստեղծելու վերաբերյալ:
Հարկ ենք համարում անդրադառնալ ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը, որ մատակարարումից որոշ ժամանակ անց ձեռք բերված հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն իբր ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ հիշյալ հրթիռների մի մասը ոչ միայն կիրառվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից առաջ՝ ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ դրանց անորակ լինելու, մարտական խնդիրներ չկատարելու մասին գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել»,- ասված է տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։