Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննում է Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության նոյեմբերի 9-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:
«Նոյեմբերի 8-ին Շուշայի շրջանում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի աշխատանքային խումբը, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը սպանվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշի քաղաքի շրջակայքում ադրբեջանական կողմը գնդակոծել էր ջրատարի վրա աշխատանքներ իրականացնող Արցախի քաղաքացիներին: Գնդակոծության հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել չորս քաղաքացիներ, որոնցից մեկը մահացել է։