Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի նախագահները մտքեր են փոխանակել հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժման վերաբերյալ: