Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նշվում է, որ փոխվարչապետը նաև մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:
«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ:
Երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են»,- պատասխանել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ԻնքնավարՀանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» իրագործման հնարավորության մասին, մինչդեռ հայկական կողմը հայտարարել է, որ դեմ է միջանցքի գաղափարին։