Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմում:
Այս մասին տեղեկացնում է Nordic Monitor կայքը։
«Շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղերում հավասարակշռություն է ձևավորում մեր երկրի օգտին»,- ասել է նա։
Ինչպես նշում է նշում է Nordic Monitor-ը, գաղտնիք չէ,որ Թուրքիան ակտիվորեն աջակցում էր իր դաշնակից Ադրբեջանին ռազմական առումով, սակայն Ղարաբաղում պատերազմին թուրքական հետախուզության մասնակցության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Ընդհակառակը, համառորեն հերքվել է MIT-ի մասնակցությունը պատերազմին։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը 2020 թվականի նոյեմբերի 6-ին ТАСС-ին տված հարցազրույցում հիշատակել է Լեռնային Ղարաբաղում թուրքական հետախուզության գործունեության մասին։ Նա նաև պնդել է, որ Մոսկվան հաստատված տեղեկություններ է ստացել մարտի դաշտում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։
Հայաստանը մշտապես հայտարարում է, որ օտարերկրյա զինյալները Սիրիայից և Լիբիայից տեղափոխվել են թուրքական հետախուզության միջոցով, նշում է Nordic Monitor-ը և տեղեկացնում, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել անցյալ տարվա պատերազմում MIT-ի գործակալների մասնակցության հետ կապված հարցերը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու նպատակով: