Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը թուլացած Հայաստանից և նրա իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս վտանգավոր իրողությունը տանելու է մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով պաշտոնական Թուրքիայի այն հայտարարության մասին, որ Հայաստան-Թուրքիա գործակցության նպատակով հանձնակատարներ են նշանակվելու և չարտերային ավիաուղիներ են գործելու։
«Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, ապա մենք բազմիցս ենք ասել, որ կողմ ենք դրան, բայց երբ խոսում եք բարիդրացիական հարաբերություններից․․․ ո՞ւմ հետ բարիդրացիություն․ մի պետության, որն ուզում է ոչնչացնե՞լ քեզ։ Դրա հետ ի՞նչ բարիդրացիություն»,- հարցրեց Մինասյանը։ Նա նշեց, որ միջազգային իրավունքի շրջանակում մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք։
«Իր նախապայմանների մի մասը Թուրքիան համարում է չեզոքացված։ Իսկ երբ դու, որպես իշխանություն, տալիս ես քո համաձայնությունը, ապա դու էլ ես ընդունում այդ նախապայմանների չեզոքացումը»,- ընդգծեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք», – ասել էր Չավուշօղլուն։ Նշվում է, որ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։