Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում դեռ իրավիճակը չի հանդարտվել և հանգուցալուծվել չի ստացել, ավագանու նիստը շարունակվում է, բայց դեռ համայնքի ղեկավար չեն ընտրել:
Համայնքապետարանի բակից էլ դեռ չեն հեռացել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի՝ Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները, որոնք փորձում էին մտնել համայնքապետարանի շենք, բայց ոստիկանները թույլ չտվեցին:
Իրավապահների ու հավաքված գյուղացիերի միջև բախում տեղի ունեցավ, ինչի հետևանքով էլ ոստիկաններից մեկն ու ևս մեկ քաղաքացի ուշագնաց եղան:
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կանոնակարգով պետք է ընթանա ավագանու այսօրվա նիստը։
Նա նաև հայտնել է, որ հանդիպել է համայնքապետի մյուս թեկնածու Դավիթ Մինասյանին, քննարկել են Փարաքարում ստեղծված իրավիճակը:
«Դավիթ Մինասյանի բախտը մի փոքր բերել է, որ ՔՊ-ն իրեն է սատարում»,- ասել է Գրիգորյանը և հայտարարել, որ ինքը պատրաստ է արտահերթ ընտրությունների:
Նշենք, որ արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չեն կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, եւ 10 ձայնով նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։