Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Արգավանդ-Շիրակ» ճանապարհի շինարարական աշխատանքներին է ծանոթացել։ Այս մասին այսօր տեղեկատվություն է հրապարակվել Երևանի քաղաքապետարանի կայքում։
Նշենք, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջը կունենա նաև անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ: Շինարարությունը կտևի 21 ամիս: