Այսօր հայ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձն է։ Մանսուրյանն այն կոմպոզիտորն է, ում հաջողվեց իր ստեղծագործություններում միավորել արևմտյան և հայկական երաժշտության սկզբունքները և դասական երաժշտությունը լսելի ու սիրելի դարձնել արդեն մի քանի սերունդների համար:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։
Մանսուրյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական արտիստ: Նրա պարգևների շարքում են ՀԼԿԵՄ մրցանակը, ՀՀ պետական մրցանակը, Պատվո շքանշանը և շատ այլ մրցանակներ:
Մանսուրյանը հաճախ էր կրկնում, որ հոգու պարտք ունի Եղեռնի զոհերի հիշատակի առաջ և 2013թ.-ին կարծես «մարում» է այդ պարտքը՝ գրելով «Ռեքվիեմի»-ը, որի համար նաև արժանանում է ՀՀ պետական մրցանակի և դասական երաժշտության միջազգային մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: «Կոմիտասի նետած ձեռնոցը ոչ մեկս չկարողացանք գետնից վերցնել։ Դա ինձ հանգիստ չի տալիս։ Ես կուզենայի, որ ապագայում էլ անհանգիստ մարդիկ լինեն»,- մի անգամ ասել է Մանսուրյանը։
Նա առանց երաժշտության կյանք չունի և ամեն Նոր տարին դիմավորում է դաշնամուրի դիմաց նվագելով: Մի շարք սիրված ֆիլմերի համար երաժշտություն ստեղծած Մանսուրյանն այլևս կինոերաժշտություն չի գրում: Նրա ստեղծագործությունները հնչում են՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանոգն», «Աշնան արևը» ֆիլմերում:
Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը Մանսուրյանի մասին ասել է՝ «Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»: