Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն բողոքի ակցիա են անցկացրել։ Բողոքի ակցիայի պատճառն այգու կենդանիների շարունակվող անկումներն են։
Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դժգոհություններ են ունեցել դեռ այն ժամանակ, երբ աշխատել են այգում։ Նրանց համոզմամբ՝ այգում շարունակվում են հին բարքերը։
«Հիմա կրկնվում են կենդանիների անկումները, կրկնվում են աշխատակիցների մասսայական հեռացումները։ Մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների մոտ 20-25 տոկոսը դուրս է եկել աշխատանքից»,- ասաց նա։
Նախկին աշխատակիցների խոսքով՝ կենդանաբանական այգում աշխատում են ոչ կոմպետենտ մարդիկ, մասնագիտական կրթություն չունեցողները զբաղվում են կենդանիների կերերով, որի հետևանքով էլ անկումեր են գրանցվում։
«Բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել, որի մասին չի բարձրաձայնվում։ Անկում է ապրել սիբիրյան լուսանը, արջերն իրար գզել են։ Բացի դա էլ, կենդանիներին չեն կերակրում, սատկում են»,- բողոքեց այգու մեկ այլ նախկին աշխատակից։
Նշենք, որ հունվարի 30-ին նախկին աշխատակիցների բողոքի ցույցին ընդառաջ Կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։
Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է արել ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ նման գործողություններից, որոնք խանգարում են այգու կանոնավոր աշխատանքին, ինչի արդյունքում տուժում են կենդանիները։
Տարածած հաղորդագրության համաձայն՝ անգղների անկման հետ կապված դեպքերը նույնպես քննարկվել են կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի ընթացքում:
Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։