Վարորդներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացմանը։
Նրանք այս անգամ բողոքի ցույց են անցկացրել Կենտրոնական բանկի շենքի դիմաց՝ պահանջելով պարզաբանումներ, թե ինչու է ԱՊՊԱ-ն թանկացել։
«Պատասխան ենք պահանջում, թե ինչի համար են այս թանկացումները։ Ամեն ինչ Կենտրոնական բանկից է կառավարվում, բայց նպատակահարմար չեն գտնում մեր հարցին պատասխանել։ Մեզ վրա լրացուցիչ ծախսեր են այս թանկացումները, ոնց որ ուզենան մարդուն գլխից խփել»,- Armenia Today-ի հետ զրույցում նշեց վարորդներից մեկը։
Բողոքի դուրս եկած վարորդները պահանջում են չեղարկել ԱՊՊԱ-ի թանկացման մասին որոշումը։
Ի դեպ, նշենք, որ ակցիայի վայրից ոստիկանները ցուցարարի բերման ենթարկեցին։
Ոստիկանության լրատվության վարչությունից Armenia Today-ին փոխանցեցին, որ կա մեկ բերման ենթարկված քաղաքացի։
Նշենք, որ վարորդները ևս մեկ բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել էին նրանց, բերման են ենթարկել 8 վարորդի, իսկ մեքենաները տեղափոխել տուգանային հրապարակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։
Բյուրոյի հաղորդագրության համաձայն`հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։