ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությանը:
«Հայաստան» խմբակցությունն Անժելա Նալբանդյանին առաջադրել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով անդամի պաշտոնում։
Հարցի քվեարկության ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը։
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետեև Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը: