Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Ուսանողները բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:
«Ես, որպես լեզվաբան, կարծում եմ, որ եթե 10 տարի էլ քերականություն անցնենք, ապա մենք էլի անելիք ունենք բուհում: Մենք հիմա բուհում քերականությունը կրկնում ենք»,- ընդգծել է Ռիտա Սաղաթելյանը։
Ըստ Ռիտա Սաղաթելյանի՝ ուսանողներն այսօր բուհում անցնում են առարկայի հեշտացված տարբերակը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է նորմալ քերականություն իմանալու համար:
Դասադուլի մասնակցող ուսանողները կարծում են, որ ցանկացած մասնագետ, ով ապրում է Հայաստանում, պետք է տիրապետի հայոց լեզվին և պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այդ որոշումն ուժի մեջ չմտնի։
Մեկ այլ ուսանող էլ նշեց, որ մասնակցում է դասադուլին, քանի որ 1500 հոգի կտրվել է հայոց լեզվի և հայ գրականության միասնական առարկայի քննություններից: