Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է այն պայմաններում, երբ աշխարհում ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա։ Այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում անասելի սարսափի վրա։ Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, գումարած վերջերս վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը», – գրել է նախկին դիվանագետը։
Քավանոն նաև նշել է, որ տարածաշրջանում գտնվում են 1960 ռուս խաղաղապահներ:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերից հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է Արցախի բնակչությանը բնական գազ մատակարարող մայրուղային գազատարը։ Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին և արցախցի մասնագետներին թույլ չի տալիս վերանորոգել այն։