Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում փաստաթղթերի պատրաստում է ընթանում, որոնք հետո կքննարկեն և կստորագրեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Այդ պատերազմն ավարտելու միակ միջոցը երկու նախագահների միջև ուղիղ բանակցություններն են։ Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք այդ խաղաղ բանակցությունների միջոցով։ Մենք աշխատում ենք այն փաստաթղթերի վրա, որոնք նախագահները կկարողանան հետագայում քննարկել և ստորագրել»,— մեջբերում է պարբերականը։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Financial Times-ի տեղեկություններով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները զգալի առաջընթացի են հասել 15 կետից բաղկացած նախնական խաղաղ պլանի հարցում: Ի թիվս այլ բաների, հայտնում են աղբյուրները, խոսքը կրակի դադարեցման և ռուսական զորքերի դուրսբերման մասին է, եթե Կիևը հայտարարի չեզոքության մասին և սահմանափակումներ մտցնի զինված ուժերի հետ կապված:
Առաջարկվող գործարքը, որը Ուկրաինացի և ռուս բանակցողներն առաջին անգամ ամբողջ ծավալով քննարկել են մարտի 14-ին, ենթադրում է Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից և օտարերկրյա ռազմակայաններ կամ սպառազինություն չտեղակայելու խոստումը: Դրա դիմաց Ուկրաինային պաշտպանություն կտրամադրվի դաշնակիցներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Թուրքիան, նշում են աղբյուրները: