Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել: