Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողը ձերբակալվել է Ղրղզստանում և արտահանձնվել, կիրակի օրը հայտնել է թուրքական կառավարամետ Daily Sabah թերթը։
Թուրքիայում կասկածյալն արդեն դատապարտվել է 12 տարի վեց ամիս ազատազրկման։ Թուրքական հետախուզական ծառայությունները ինչ-որ պահի իմացել են, որ անձը թաքնվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, ինչը նրանց դրդել է դիմել տեղական իշխանություններին օգնության համար: Թուրքիայի իշխանությունները ձերբակալելու և արտահանձնելու մասին հայտարարել են կիրակի օրը, սակայն Ղրղզստանի իշխանությունները կասկածյալին ձերբակալել են մարտի 4-ին։ Նրանք կասկածյալի անունը չեն նշել, սակայն նրան նկարագրել են որպես Թուրքիայի քաղաքացի, ով ծնվել է 1984 թվականին և փետրվարի 26-ին բերման է ենթարկվել կեղծ անձնագրով և վարորդական իրավունքի վկայականով։
Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության շենքի մոտ։ Մարդասպան Օգյուն Սամասթը մոտ տարածությունից երեք անգամ կրակել է Դինքի գլխին։ Թուրք ուլտրաազգայնական Սամասթը մեղավոր է ճանաչվել 2011 թվականին Դինքի սպանության մեջ և դատապարտվել 22 տարվա ազատազրկման։ Այդուհանդերձ, հանցագործությանը թուրքական պետական անվտանգության ուժերի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ հարցերը մնում են:
Չնայած Դինքի գործով ձերբակալություններին ու դատապարտումներին, նրա ընտանիքը համոզված է, որ լրագրողի սպանության մասին շատ ավելին է պետք իմանալ։ Դինքի սպանության համար ձերբակալվածներից ոմանք թուրքական անվտանգության ծառայությունների անդամներ են եղել, սակայն թուրք դատախազներն ասում են, որ նրա սպանությունը կապված է աքսորված թուրք առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հետ։