ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ․ մարտի 9-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանցագործությունը։ Այս մասին հայտնել է Արցախի Քննչական կոմիտեն։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և վերջինիս նախնական տվյալներով խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնեն, որ Գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան։ 2022 թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։