Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Այս մասին կառավարության ասօրվա՝ մարտի 31-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բաքվի այս դիրքորոշումը, նրա խոսքով, չի պատասխանում, սակայն, մի կարևոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը, ըստ վարչապետի, չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում:
Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը:
«Պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ նախկինում Ադրբեջանին առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը։
«Նկատի ունեմ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի ևև պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»,- պարզաբանեց Փաշինյանը:
Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում, նշեց նա:
«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»,- ասաց Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ, չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:
«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ»:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։