«Գազպրոմ-մեդիա»-ն բացառիկ պայմանագիր է կնքել դերասան Միխայիլ Գալուստյանի հետ։ Այս մասին «Коммерсантъ» պարբերականին հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունից։ Պայմանագրի ժամկետը և գումարը չեն հրապարակվել։ Ըստ պայմանագրի՝ Գալուստյանը չի կարողանա մասնակցել «Գազպրոմ-մեդիա»-ից դուրս իրականացվող նախագծերին։
Միխայիլ Գալուստյանը TNT է վերադարձել 2021 թվականի աշնանը, Երբ Օլգա Բուզովայի հետ սկսել է վարել «Աստղերն Աֆրիկայում» ռեալիթի-շոուն: Ավելի վաղ դերասանը համագործակցել էր СТС հեռուստաալիքի հետ, որտեղ TNT-ից տեղափոխվել էր 2019 թվականին: СТС-ի հետ Գալուստյանը ևս մի քանի տարվա բացառիկ պայմանագիր ուներ, հեռուստաալիքում նա նաև ամեն շաբաթ Սերգեյ Սվետլակովի և Ալեքսանդր Նեզլոբինի հետ կատակերգական շոու էր վարում։ Նախքան СТС տեղափոխվելը Միխայիլ Գալուստյանը TNT-ում աշխատել է ավելի քան 10 տարի, այդ թվում՝ հանդես է եկել Comedy Club-ի և Comedy Woman-ի բեմերում։
«Գազպրոմ մեդիա»-ի հետ նոր համաձայնագիրը նախատեսում է, որ Միխայիլ Գալուստյանը կնկարահանվի TNT-ի նոր նախագծերում և հոլդինգի այլ նախագծերում։ Նա կշարունակի TNT-ում վարել «Աստղերն Աֆրիկայում» շոուն։