Թուրքիայում փոփոխություն է կատարվել քաղաքացիություն ստանալու կարգի մեջ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Եթե մինչև հիմա Թուրքիայի քաղաքացիության համար դիմողները պիտի ձեռք բերեին 250.000 դոլար արժողությամբ անշարժ գույք, ապա այժմ պիտի գնել առնվազն 400.000 դոլարանոց անշարժ գույք:
Թուրքական «NTV» կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու պայմանները փոխվում են և ընդհանուր թանկացումների ֆոնին ավելացվում է քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումում ձեռք բերվելիք անշարժ գույքի արժեքը ևս:
Կանոնակարգն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։
Ըստ «Hürriyet» թերթի հրապարակման՝ 2012-ի կեսերից ուժի մեջ էր մտել օրենք, որը թույլ էր տալիս օտարերկրացիներին տուն գնել Թուրքիայում, և նրանք, ովքեր ունեն սեփականություն Թուրքիայում, իրավունք են ստացել դառնալ Թուրքիայի քաղաքացի՝ վճարելով 1 միլիոն դոլար։ Թուրքիայի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով, սակայն, անշարժ գույքի նվազագույն գինը, որը պետք է գնվի Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, նվազեցվել էր մինչև 250 հազար դոլար։
2012 թվականին ընդունված օրենքից հետո Թուրքիայում վաճառված 12 միլիոն 263 հազար 850 բնակֆոնդից օտարկերկրացիներին վաճառված անշարժ գույքի թիվը կազմել է 287.704։ Օտարերկրացիներն անշարժ գույք են ձեռք բերել հիմնականում Ստամբուլ, Անթալիա և Անկարա քաղաքներում։
Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015-2022թթ. Թուրքիայում բնակարան գնած օտարերկրացիների թվում առաջատարը իրաքցիներն են՝ 43.351 միավոր անշարժ գույքով։ Իրանի քաղաքացիները 29.992 միավորով երկրորդ տեղում են։ Իրաքին և Իրանին հաջորդում են Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից և Աֆղանստանից ժամանածները։