Նիկոլ Փաշինյանը նշանակված է Հայաստանում «գունավոր հեղափոխության» մեխանիզմով, որպեսզի կատարի իր պարտականությունները, որոնցից մեկը Արցախի հանձնումն է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները և Արցախի Հանրապետության շուրջ առկա գործընթացները։
«Ակնհայտ է, որ այդ բոլոր գործընթացների մոդերատորներն են որոշակի պետություններ և կազմակերպություններ։ Փաշինյանի և նրա թիմի բոլոր գործողությունները թելադրված են այդ ուժերով, սցենարը հստակ գրված է։ Ի դեպ, Փաշինյանի թիմին այդ կենտրոնները հավաքել են հստակ չափանիշներով. նրանք ոչ միայն որոշակի մենթալիտետով, այլև անկարող, զոմբիացվող մարդիկ են», – ասաց Գագիկ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարաբերական կայունությունն այսօր պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի շնորհիվ:
«Ռուսաստանը, որին Հայաստանի հետ կապում են դարավոր քաղաքակրթական կապերը, բնականաբար, ցանկանում է պահպանել այդ տարածաշրջանն իր ավանդական ազդեցության գոտում»,- ասաց նա՝ հավելելով, որ արցախցիների անվտանգության և Արցախի փրկության միակ երաշխիքն այսօր ռուսական ռազմական ներկայությունն է։
«Հիշենք նաև, որ միակ երկիրը, որը բազմաթիվ պատերազմներ է վարել Թուրքիայի հետ և միշտ հաղթել է, Ռուսաստանն է», – ասաց նա:
Գագիկ Հարությունյանի խոսքով ՝ Հայաստանի պետականության հետագա գոյությունը կախված է Արցախի ճակատագրից։
«Եթե ամեն ինչ շարունակվի նախապես ծրագրված սցենարով, ապա Արցախը կարող է ամբողջությամբ անցնել Ադրբեջանի իրավասության տակ։ Իսկ դա կհանգեցնի նրան, որ թուրքերը շատ հմուտ են և ընդամենը մի քանի տարվա ընթացքում Արցախը կմաքրեն հայերից»,- ասաց նա։
Նշենք, որ նախօրեին խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։
Նա նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։