44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը Facebook-յան իր էջում հայտարարություն է տարածել, որով հայտնել է, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անժամկետ հացադուլ է հայտարարում և միանում Ազատության հրապարակում այսօր մեկնարկած ակցիային։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ես և Արթուր Ավագյանը՝
. չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
. առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
. որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.
հայտարարում են անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։
Այն կոչ է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։
Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը՝ կարգավիճակ։
Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»»։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ: