Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մոտ ապագայում կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում անցկացված աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Ներկայումս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն հինգ հիմնական սկզբունքների հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է շուտով պատրաստվել և ստորագրվել»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ կերպ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են կապեր հաստատել, այդ թվում՝ դիվանագիտական։
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը «պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը «հետկոնֆլիկտային շրջանում ձեռնարկված գործողությունների արդյունքում վերացրեց Հայաստանի և հայերի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Միաժամանակ նա նշել է, որ պաշտոնական Բաքուն այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
Ալիևը նաև ընդգծել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրելուց, իրենք պաշտոնապես կհայտարարեն, որ չեն ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը»։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին՝ Ալիևը հայտարարել է, որ իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը «ուղղված է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելուն»։
«Հիմա Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դա սին է և իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019 թվականին»,- ասաց նա՝ հավելելով, որ Մինսկի խումբը, որը մանդատ ստացավ 1992 թվականին, գործնականում ոչ մի արդյունքի չհասավ, և Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական ճանապարհով՝ «միանձնյա և միայնակ»՝ առանց որևէ միջնորդի»։
Ալիևի խոսքով, հայկական լոբբին շատ ուժեղ է այն երկրներում, որոնք եղել են Մինսկի խմբի համանախագահներ, և այդ իսկ պատճառով 28 տարի նրա գործունեությունից որևէ արդյունք չկա։
Բայց Ադրբեջանի նախագահն այսքանով չսահմանափակվեց, նա հավակնություններ հայտնեց խորհրդային անցյալին՝ նշելով, որ իբր խորհրդային իշխանությունը, Զանգեզուրը (Սյունիքի մարզ) անջատելով Ադրբեջանից, այն հանձնել է Հայաստանին։
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ հնարավորություն չունեն նշելու տարեդարձը»,- այսպես է գնահատել Ալիևը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գործունեությունը։