Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր դուրս եկավ դատախազության շենքից ու մոտեցավ այդ պահին այնտեղ ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետը Ազգային ժողովում ձևարկերպում արեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Շատերի մոտ հարցադրում առաջացավ առ այն, որ միայն այս կարճ ձևակերպումը բավարարար է մեղադրանքի նկարագրություն ներկայացնելու համար։ Ես հիմա հակառակն ասեմ՝ եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէր դրվի առ այն, որ առանց պաշտպանություն կազմակերելու մեր հանրապետությունից տարածքներ զիջվեցին»,- ասաց դատախազը։
Նա առաջարկեց զոհված զինծառայողների ծնողներին իրենց միջից մինչև տասը հոգի ընտրել, որպեսզի հանգիստ միջավայրում պատասխանի նրանց հուզող հարցերին։
«Ես իջա, որ դուք տեսնեք՝ չեմ խուսափում։ Բայց ինքներդ տեսնում եք՝ այս պայմաններում հնարավոր չէ առարկայական քննարկում անցկացնել»,- ասաց դատախազը։
Վերջում, իր խոսքն ուղղելով զոհվածների ծնողներին, նա հավելեց․ «Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել»։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Մանրամասները՝ տեսանյութում։