Հրապարակվել են Հայաստանի տնտեսության 2022 թվականի հունվար-մարտ ամիսների վիճակագրական տվյալները։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9,6 տոկոս։
Տնտեսական և բիզնես փորձագետ, Հայ գործարարների ասոցիացիայի վերլուծաբան Էդգար Կարապետյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը թվային տեսքով գոհացուցիչ է, սակայն, միևնույն ժամանակ նկատեց՝ դրանք միայն առաջին եռամսյակի ցուցանիշներն են։
Տնտեսական և բիզնես փորձագետի խոսքով, սակայն, մարտ ամսվա տվյալները պեսիմիստիկ տպավորություն են թողնում, իսկ դա հակառուսական պատժամիջոցների հետևանքներն են ՀՀ տնտեսության վրա։
Էդգար Կարապետյանն առաջին հերթին անհանգստացնող է համարում գնաճի ցուցանիշը։
Ի դեպ, շեշտենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տարեկան գնաճը վերջին տասնամյակում կազմել է ռեկորդային շուրջ 8 տոկոս։ Կարապետյանը մեր տնտեսության առաջին խնդիրը գնաճն է համարում։
«Մեծ խնդիր է առաջանում բնակչության վճարունակության հետ։ Մարդկանց եկամուտներն էականորեն զիջում են գների աճին։ Այս տեսանկյունից Կենտրոնական բանկը պետք է ձեռնարկի միջոցառումներ՝ տոկոսադրույքի հետագա բարձրացման ուղղությամբ, որը կարող է հարվածել արդեն բիզնեսին, քանի որ կբարձրանան վարկավորման տոկոսադրույքները։ Սա կարող է տնտեսական աճի դանդաղեցման պատճառ դառնալ»,- մատնանշեց մեր զրուցակիցը։
Իսկ դրական արդյունքներից է ծառայությունների ոլորտում գրանցված 22,2 % աճը։
Հայ գործարարների ասոցիացիայի վերլուծաբանը սա կապում է մեր երկիր դրսից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հետ։
Նա հստակեցրեց՝ ծառայությունների ոլորտը հիմնականում աճում է Ռուսաստանից միգրանտների հոսքի պատճառով, ինչն անզեն աչքով նկատելի է Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններում և ռեստորաններում։
Բայց պատկերն այլ է արտահանման և ներմուծման հարցում։ ԱՎԿ-ի հրապարակած թվերով՝ փետրվարի համեմատ մարտին և՛ ներմուծման, և՛ արտահանման ծավալները նվազել են համապատասխանաբար 9,8 %-ով և 10,6 %-ով։
Էդգար Կարապետյանը նշեց, որ հենց այս ուղղություններում էլ տեսնում ենք ՌԴ-ի նկատմամբ կիրառած պատժամիջոցների բացասական հետևանքները մեր տնտեսության վրա։
«Փետրվարի վերջին և մարտին ռուբլու գնանկման հիմնական ժամանակահատված էր, որի արդյունքում կնքված պայմանագրերի մի մասը չեղարկվեց, իսկ մյուսների դեպքում էլ վճարման խնդիրներ առաջացան, թե ինչ արժույթով պետք է վճարումները կատարվեին։ Ռուսական շուկայում գրանցված սպառումն իր երկարաժամկետ ազդեցությունն է ունենալու արտահանման վրա»,- ասաց նա։
Որպեսզի արտահանման խնդիրներ չլինեն, ըստ տնտեսական և բիզնես վերլուծաբանի, պետությունը պետք է արտահանողներին կարճաժամկետ կտրվածքով անտոկոս վարկեր տրամադրի։ Լուծումներից մեկն էլ Կարապետյանը համարում է նոր շուկաների որոնումները։