Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը, որը, ըստ մասնագետների, լավագույնն էր մարզաձևի պատմության մեջ։ Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Բացման արարողության ժամանակ ներկայացրել են աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ: Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվել են Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ուժը: Հայաստանում առաջին անգամ կիրառվեցին նաև Կինեկտիկ գնդեր:
Երկրների ներկայացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էր:
Մարզիկների կողմից երդման արարողությունը կատարեց աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Առաջնության բացման արարողությանը ներկա էին նաև Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը նաև մարզաշխարհի և կառավարության մի շարք պաշտոնատար անձիք: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը իր ելույթում, արդեն որպես փաստ ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: