Ադրբեջանը ցանկացած պահի կարող է չեղարկել Հայաստանի հետ հնարավոր համաձայնագիրը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
«Հայաստանի ղեկավարությունը նախաձեռնություն է ցուցաբերում ամենատարբեր հարցերի վերաբերյալ. եվրոպական կառույցները, Մինսկի խմբի ներկայացուցիչների մեծ մասը Հայաստանին «քթից են բերում», համապատասխանաբար, Ադրբեջանը դրան ուշադիր հետևում է, իսկ Ռուսաստանը դրան գործնականում չի մասնակցում, կամ սառը կերպով պաշտպանում է Փաշինյանի գործողությունները», – նշել է նա:
Նրա խոսքով՝ սահմանների վերաբերյալ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, այն մինիմալն է, որին հասնելու է Երևանը։
«Այդ համաձայնագիրը ոչինչ չի նշանակում։ Այն կարևոր է Հայաստանի ղեկավարության համար, որպեսզի իրավիճակն ընդհանուր առմամբ ինչ-որ կերպ կայունացնի, որոշակի համաձայնություն ստանալով Ադրբեջանի կողմից, որ նա այլևս էքսպանսիա չի իրականացնի, ինչը Հայաստանի կառավարությունը ձևակերպելու է, թե հասել է խաղաղության և ինչ-որ կերպ իրեն ապահովագրել է: Բայց Ադրբեջանը ցանկացած պահի կարող է այդ համաձայնությունները չեղարկել, հենց որ սահմանին ինչ-որ քայլեր հրահրելու ցանկություն առաջանա», – նշել է Լեպեխինը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօրվա դրությամբ բանակցային գործընթացի սուբյեկտ չէ։ Երկրի կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ նրանք, որպես պարտված կողմ, ամրապնդում են Հայաստանի պարտությունը՝ ոչ մի ավելորդ պահանջ չներկայացնելով, նշել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարության վարքագծի ամենատրամաբանական բանաձևը կլիներ, որ Հայաստանը առաջնորդվեր խաղաղ եռյակ համաձայնագրով և ամրապնդեր հարաբերությունները ՌԴ-ի և նրա զինված ուժերի հետ, ինչը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր Վաղարշակ Հարությունյանը: Փորձագետի խոսքով՝ այն ժամանակ փորձ արվեց պայմանավորվել ՌԴ ԶՈՒ-ի հետ, որպեսզի խաղաղապահները առանցքային դեր խաղան՝ թույլ չտալով Ադրբեջանին էքսպանսիա իրականացնել։
«Ըստ ամենայնի, Փաշինյանն ու իր թիմը չեն ուզում կախված լինել ռուսական կողմից, այլ ցանկանում են ինչ-որ երաշխիքներ ստանալ Եվրոպայից, Ադրբեջանից ու Թուրքիայից։ Իմ կարծիքով, եթե նույնիսկ տեղական ինչ-որ հաջողություններ ձեռք բերվեն, դրանք ժամանակավոր կլինեն և սկզբունքորեն ոչ մի հարց չեն լուծի», – ընդգծել է Լեպեխինը։
Նա նաև մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։
«Իսկ ինչո՞վ է շահագրգռված Հայաստանի կառավարությունը։ Հետո ի՞նչ կարող է անել արևմուտքը Բրյուսելում, կամ ինչ-որ բանի վրա ազդել։ Ընդհանրապես անհասկանալի չէ, թե Հայաստանը ինչի՞ է ձգտում այս առումով։ Ինչ էլ որ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրվի, այն առանձնահատուկ դեր չի խաղում։ Երևանի մոտիվացիան հասկանալի է՝ ինչ-որ կերպ կայունացնել իրավիճակը սահմանին և դա ներկայացնել որպես ինչ – որ դրական արդյունք, բայց Ադրբեջանի համար դա դատարկ ձայն է», – հայտարարել է քաղաքագետը։
Լեպեխինի խոսքով՝ այսօր տեղի է ունենում ակտիվացում Արցախի հարցի և կարգավիճակի լուծման և Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցում, քանի որ բոլորը հետևում են Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքին: Նա ընդգծել է, որ եթե այդ գործողությունը ավարտվի ՌԴ-ի համար դրական արդյունքով, ապա դա ինչ – որ կերպ կսթափեցնի Հարավային Կովկասում որոշ գլուխներ՝ Ադրբեջանին ու առաջին հերթին Թուրքիային, որն ավելի հանգիստ քաղաքականություն կվարի տարածաշրջանում:
«ՌԴ պարտության դեպքում տեղի կունենա իրավիճակի ապակայունացում Հարավային Կովկասում, առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, ոչ մի պայմանավորվածություն ոչ մի դեր չի խաղա», – հայտարարել է Լեպեխինը։