Ռուսաստանի Քննչական կոմիտեն շարունակում է VK սոցցանցի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանի և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովի մահվան հանգամանքների հետաքննությունը։
Քննիչների տվյալներով՝ մահացածների մարմինները հայտնաբերվել են Սպիտակ ծովի ափին մոտ գտնվող Շոյնա գյուղից 47 կիլոմետր հեռավորության վրա։
Վլադիմիր Գաբրիելյանն ազատ ժամանակ սիրում էր վարել «Շերպ» ամենագնացները։
Ըստ RG-ի՝ Գաբրիելյանը կնոջ՝ Ալյոնայի և ընկերներ Սերգեյ Մերզլյակովի և Սերգեյ Օլսևիչի հետ ծրագրել է երկու ամենագնացով հասնել Կանին Նոս թերակղզի։ Գաբրիելյանն ու Մերզլյակովը եղել են մի ամենագնացում, մյուսում՝ Գաբրիելյանի կինը և ընտանիքի բարեկամ Սերգեյ Օլսևիչը։
Բոլշայա Բուգրյանիցա գետն անցնելիս ամենագնացները շրջվել են: Գաբրիելյանի կնոջ և Սերգեյ Օլսևիչի ամենագնացը ափ է դուրս եկել, իսկ երկրորդ ամենագնացը հոսանքով հայտնվել է Սպիտակ ծովում։ Օլսևիչին և Գաբրիելյանի կնոջը փրկել են տեղի բնակիչները։ Գաբրիելյանի և Մերզլյակովի որոնողական աշխատանքների համար Նարյան-Մարից (դեպքի վայրից 400 կմ հեռավորության վրա) ուղարկվել է փրկարարական ջոկատ։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են երեքշաբթի առավոտյան։
Նախնական քննությամբ մահվան պատճառը եղել է հիպոթերմիան։ Դատաբժշկական փորձաքննությունը կիրականացվի Նարյան-Մարում, ուր մահացածների մարմինները կտեղափոխեն ուղղաթիռով, հայտնում է ՔԿ-ն։
Մահվան հավանական պատճառ, ըստ աղբյուրի, կարող է լինել այն, որ Գաբրիելյանովն ու Մերզլյակովը չեն կարողացել կառավարել ամենագնացը, քանի որ գետը, որտեղ շրջվել է ամենագնացը, փոթորկոտ է եղել։