ՔՊ-ում որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատներից զրկելու քննարկում կա։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից։ Մեր քաղաքացիները, տեսնելով ընդդիմադիրների վարքագիծը ու թե ինչպես են օգտագործում պատգամավոական մանդատը, նման պահանջ են ներկայացրել։ Քննարկումներ, այո, կան, բայց որոշում չկա»,-ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Երևանում ավելի քան 2 ամիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում, փակ էր Ֆրանսիայի հրապարակը, որտեղ վրաններ էին տեղադրվել։ Ձևավորվել է «Դիմադրության» շարժում, որի կազմում նաև խորհրդարանական ընդդիմությունն է։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկսվել էին Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապպարակից վրանները կհանվեն, այնուհետ Ֆրանսիայի հրապարակը բացելու որոշում կայացվեց։