Կառավարությունը այսօր ընդունեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մշակած նախագիծը։ Դրանով հստակեցնում է սեփական ձվաբջջով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության մերժման հիմքերը, միաժամանակ մեղմացնելով նշված պայմանը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ հանդիսացող շահառուների խմբի համար։
Նշվում է, որ ցածր ձվարանային պաշարով մերժման հիմքը չի տարածվի դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման ծառայություն ստացող անձանց վրա, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվի դատական կարգով անհայտ կորած, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո զոհված զավակների ծնողների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը, փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի ծախսերի փոխհատուցման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականին ընդունված որոշմամբ սահմանված շահառուների համար նախատեսված բացառությունը` նշված ծառայությունների համար չվճարելու մասով:
Նշենք, որ շահառուների ցանկում, որոնց վրա չեն տարածվում որոշմամբ սահմանված սահմանափակումները, ավելացվել են դատական կարգով անհայտ կորած ճանաչված անձանց ծնողները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զավակների ծնողները: