Լաչինի միջանցքով երկկողմանի կապն ապահովող ճանապարհի կառուցումը պետք է իրականացվեր երկու կողմերի համաձայնությամբ։ Կա՞ն արդյոք այլ համաձայնություններ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մենք պնդում ենք, որ այս իշխանությունները ձեր թիկունքում կրկին համաձայնությունների են եկել։ Բերձորի հարցով կա լրացուցիչ «ճանապարհային քարտեզ», ինչի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ։ 20 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը կառուցել է 32 կմ ճանապարհահատված, ինչի՞ հետ է կապված այս շտապողականությունը»,-նշեց Սաղաթելյանը և ապա հարցադրում արեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները հայկական կողմն անվերապահորեն կատարում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։