Սիրիական բանակը պետք է տիրի այդ երկրի բոլոր սահմաններին, իսկ այդ երկրի ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվի։
Ինչպես հայտնում է parstoday.com-ը, այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Թեհրանում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ սիրիացի ժողովրդի համբերությունն ու տոկունությունն այդ երկրի ու տարածաշրջանի ապագան լուսավոր կդարձնեն։
«Եփրատի արևելյան ափից և ամբողջ տարածաշրջանից Ամերիկայի հեռանալը Արևմտյան Ասիայում ճգնաժամերի հիմնական և հիմնարար լուծումն է, և ինչպես ասել Է Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը, ամերիկացիները պետք է հեռանան Սիրիայից»,- ընդգծել է Իրանի նախագահը:
Սիրիայի ԱԳ նախարարն իր հերթին բարձր է գնահատել Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ նշելով, որ Իրանի նախագահի և Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի մեկնաբանությունները Թեհրանի և Դամասկոսի միջև առկա միությունն են մատնանշում։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թեհրանի տեղի է ունեցել «Աստանայի եռյակի»՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը։ Հանդիպման արդյունքներով գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հաստատվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ ի շահ Սիրիայի իրավիճակի կայուն և կենսունակ կարգավորման։