Տնտեսական բարեփոխումների մեր օրակարգում շատ կարևոր տեղ են զբաղեցնում ներդրումային բարեփոխումները:
Այս մասին Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի ներկայացման միջոցառման իր խոսքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունը փորձում է փոխել կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից տեղափոխվելով ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ դա հնարավոր է հետևողական տնտեսական բարեփոխումների միջոցով:
Թեև մենք պարբերաբար ստանում ենք ազդակներ, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավվում է և խոստումնալից է, և Հայաստանը հետաքրքրություն է վայելում օտարերկրյա ներդրողների շրջանում, այդուհանդերձ, ըստ նախարարի, այնպիսի արտաքին միջավայրի, ինչպիսին մեր երկիրն է, ներդրումների շարունակական բարեփոխումներն անհրաժեշտություն են:
«Ինչպես Լուիս Քերոլի հայտնի ստեղծագործության մեջ է ասվում՝ «Տեղում մնալու համար պետք է վազել»»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ նախարարության մասնագետները ԱՄՆ ՆԶԿ գործարար միջավայրի բարելավում ծրագրի փորձագետների հետ բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են ունեցել ներդրումային ճանապարհային քարտեզի մշակման համար:
Նախարարը նշեց, որ գործարար հանրությանը ևս պետք է տեղեկացնել բարեփոխումների մասին, որին էլ ուղղված է միջոցառման նպատակը: Ըստ նրա՝ տեղական և արտասահմանյան գործարարները պետք է իմանան, որ մի շարք փոփոխությունների շնորհիվ ներդրումային միջավայրը Հայաստանում դառնում է ապահով, լինելու է արդարացված ու եկամտաբեր: