Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՇՄ նախարարությունը հորդոում է առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: