Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և ճանապարհամերձ հատվածներում գտնվող մշակութային կոթողները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային» հ/ը-ի տեսանյութից։
Տարհանման աշխատանքները համակարգող Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, եթե հուշարձանները թողնվեն տեղում, ապա դրանց լուրջ վտանգ կսպառնա։ «Դեռևս 2021 գարնանը Հադրութի ծաղկավանք վանքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այս վերջին 30 տարում կառուցված հուշարձանները պետք է ոչնչացվեն»,-նշեց նա։
Հուշարձանների մի մասի ժամանակավոր տեղակայման վայրերը արդեն որոշվել են: Տարհանման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 25-ը:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։