Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ 5-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ Այս մասին A Haber-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր այն անցկացնել երրորդ երկրում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն անցկացրել էին Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպումը կայացել է այս տարվա մայիսի 3-ին՝ Վիեննայում, երկրորդը կայացել է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ այս տարվա հունվարի 14-ին։