«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշումը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին:
Այսօր` օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը: Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն էր: Դատական նիստը դռնբաց էր:
Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց է, որովհետև որոշում է կայացվել Ավետիք Չալաբյանի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։