Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի Անկարայի հետ հարաբերությունների սրման համար, ինչպես նաև հիշեցրել է 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայում տեղի ունեցած իրադարձությունները։
«Հունաստանը սպառնում է մեզ C-300-ով։ Հունաստան, նայեք պատմությանը, եթե առաջ գնաք, գինը ծանր կլինի, մի մոռացե՛ք Իզմիրը», – Էրդողանի խոսքը մեջբերում է РИА Новости – ն։
1922 թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանատարությամբ մտան Զմյուռնիա (Իզմիր), որից հետո սկսվեց քաղաքի քրիստոնյա խաղաղ բնակչության (հույների և հայերի) կոտորածը։ Կոտորածի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 10-100 հազար մարդ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Հունաստանը գործի է դրել իր C-300 ՀՕՊ համակարգերը Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հետապնդելու համար: Աթենքն ավելի ուշ հերքել է թուրքական կողմի հայտարարությունը։