Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական իրադարձությունների զարգացման ֆոնին՝ չգտնելով իր հարցերի պատասխանները։
«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ անել: Բոլորիդ պես ուզում եմ հասկանալ սրա վերջը կա՞ ու, եթե կա ինչ «տեսքով է»: Համախմբման կոչերն անիմաստ են։ Մարդիկ, ժողովուրդը շատ համախումբ ու ինքնակազմակերպված օգնում է ամեն մեկն իր կարեցածից առավել, գուցե զինվորակա՞ն մեկի շուրջ համախմբվեն, որ դառնա հասկանալի՝ ինչ է պետք անել:
Անղեկ երկիրն ո՞ւր է գնում, այս ազատ անկումն ինչքա՞ն պիտի տևի, «տալով» երկի՞ր են պահում: 2 տարի փառատոներով գլորեցին, բա անվտանգությո՞ւնը։
Ահռելի ներուժը սփյուռքի, որոնք պատրաստ են ամեն բան անելու և նորից բոլոր երկրների հայերն իրարով են՝ ինչ՞ պիտի անեն, որ միջազգային «հանրություն» ասվածը մեզ էլ տեսնի։ Զե՞նք, աշնակի՞ց, քայլե՞ր, ինքնապաշտպանությո՞ւն, հանձնո՞ւմ, փաստաթղթի հերթական ստորգրո՞ւմ՝ սարսափելի «նվերի» տեսքով»,- գրել է նա։
Նազենի Հովհաննիսյանի խոսքով գուցե ԱԺ-ում ավելի կարևոր օրվա խնդի՞ր քննարկեն, քան թափոններն են։
«Չոր սնունդ, նասկի ու առաջին բժշկական օգնություն են նորից հավաքում։ «Միջանցքի՞» արյունալի «բեմադրությունն» է, որը հարյուրավոր կյանքեր է տանում նորից, թե՞ Հայաստան են արդեն գրավում ( տալիս, նվիրում…)։ Երևանը Հայաստա՞ն է, թե ոչ…. Իսկ Ջերմո՞ւկը, Վարդենի՞սը, Շորժան կամ Իշախանասա՞րը։
Սյունիքի անվտանգության հարցով ի՞նչ է արվում… Դաշնակի՞ց՝ Իրան, Ռուսաստան, ՄԵՆՔ, հայերով ի՞նչ՞ անենք լավ, որ Երկիրը մնա։ Եկեք հասկանանք։ Գուցե մի օգտակար բան ասեք՝ անենք… Չմոլորվենք այսքան։ Չսովորենք, որ անընդհատ կրակում են ու տալիս կամ տանում։ Ասե՛ք»,- գրել է Նազենին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: