ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի վերաբերյալ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքի կապակցության սկսված բաց նիստում ՄԱԿ անդամ-երկրները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։
Այսպես, Հնդկաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանն ագրեսոր է անվանել:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այն կարելի է լուծել միայն դիվանագիտական ջանքերով և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների հիման վրա։
ԱՄՆ-ն երկու կողմերին զսպվածության կոչ է արել։ ԱՄՆ-ն հաստատում է նաև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքի գնդակոծման փաստը։
Իռլանդիան հաստատում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները, ինչն արգելված է միջազգային իրավունքով: Պետությունների տարածքային ամբողջականության խախտումները չեն կարող ընդունելի լինել։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել երկու կողմերին վերադառնալ մեկնարկային դիրքեր: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել։
«Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է միայն խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, գլխավորն այժմ հրադադարն է։
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը կքննարկվի Սամարղանդում Պուտինի և Ալիևի հանդիպման ընթացքում»,-նշել է նա։
Նորվեգիան հաստատում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման փաստը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը պահանջել է, որ Ադրբեջանը զորքերը հեռացնի ելման դիրքեր: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. «Հաղորդագրություններ են ստացվում հրադադարի ռեժիմի սպառնալիքների մասին: Մենք ստանում ենք հաղորդագրություններ, որ փխրուն հրադադարի ռեժիմը վտանգված է։ Հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ իր նպատակին հասնելու և Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք բացելու համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։