Արարատի համայնքապետարանից հերքում են մամուլում տարածված տեղեկությունները, թե սահմանամերձ Երասխում, Պարույր Սևակում և այլ բնակավայրերում մարտական գործողություններ են ծավալվում։
«Պաշտոնապես հերքում ենք, որ Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն։
Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Համայնքապետարանից կոչ են անում չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։