Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն հայտարարել է, որ միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանին «լիցենզիա շնորհի»՝ իրականացնելու էթնիկ զտումների իր արշավը։
Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում, Նաիրի Պետրոսյանն ասել է.
«Մենք զգում ենք Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների և դրանցից բխող վարքագծի անտեսման սարսափելի հետևանքները։ Դրա ամենաթարմ օրինակը 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Նաիրի Պետրոսյանի խոսքով՝ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մշտական փորձերը՝ կամ բացահայտ ռազմական ագրեսիայի, կամ հայերին տարրական իրավունքներից զրկելու միջոցով, խախտում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր։
«Ադրբեջանը շատ տնային աշխատանք ունի կատարելու, որը չի սահմանափակվում բացառապես միջազգային մարդասիրական իրավունքով», – ասել է նա:
Նաիրի Պետրոսյանը նաև հիշեցրել է, որ դեռևս 2007 թվականին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ։
«Ադրբեջանը, սակայն, անտեսեց այդ պահանջը և շարունակեց էթնիկ զտումների իր քաղաքականությունը», – շեշտել է Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ, 2022 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանում շրջանակներում կոմիտեի փորձագետ Չինսունգ Չունգը նշել էր, որ «բազմաթիվ հաղորդագրություններ են եղել ռասայական հողի վրա էթնիկ հայերի խոշտանգումների և սպանությունների մասին՝ Ադրբեջանի իշխանությունների և զինվորականների կողմից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։