Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները «խորը ափսոսանք են» առաջացնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գերատեսչությունը հայտարարել է, թե իբր «Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, որոնք անընդունելի են»:
Բաքուն հայտարարել է, թե «Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, ինչը հստակ ցույց է տալիս նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների ներկայությունը»:
«Հաշվի առնելով, որ մոտենում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շրջանը, Փելոսին այդ այցն օգտագործում է իր ներքաղաքական օրակարգի և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ սա «լուրջ հարված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին», նշել, որ «նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ լարվածության աճին»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դատապարտել էր Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հավելենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերադարձրել է հայ 32 զինվորականների մարմիններ: Ադրբեջանը հայտնել է իր կողմից 77 զոհի մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։