Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին: Այս մասին հայտնել է հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս տեղափոխվել է Արցախ՝ մշտական բնակության:
Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: