Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուn ասել է, որ Փարիզը պատվիրակություն է ուղարկելու՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։
Twitter-ի իր միկրոբլոգում Լեկորնուն հայտնել է, որ հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր։ Իրավիճակը գնահատելու համար Հայաստան կուղարկվի ֆրանսիական պատվիրակություն»,- գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում էր ՀԱՊԿ առաքելությունը՝ առաջապահ խմբի ղեկավար Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։ Սեպտեմբերի 20-25-ը Հայաստան էր ժամանել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ գնահատելու ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: