ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները:
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած եւ դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը Տոնոյանը պատասխանել է, որ երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի եւ վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:
«Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է եւ արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերեւույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսեւորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետեւանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի եւ, հետեւաբար, մարտունակության վրա:
Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ»,- ասել է Տոնոյանը:
Մեկ այլ հարցին, թե Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջեւանից ներխուժման վտանգ է տեսնում, ի՞նչ կարող են անել զինվորականները եւ դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար, Տոնոյանն ասել է. «Նախիջեւանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:
Մոտեցումս հետեւյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով եւ ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով»:
«Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արեւմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները» հարցին Տոնոյանը պատասխանել է, որ նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ եւ լիովին իրատեսական է: «Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արեւմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արեւմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»:
ՀԱՊԿ-ի մասին Տոնոյանն ասել է՝ Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն չի տեսնում:
Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները,- ասել նա։