«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաև Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:
Այդ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում: Թերթը գրել էր, որ Հարությունյանը կանչվել է հարցաքննության:
Թերթը հիշեցնենում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:
Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի գործն, ինչպես նշում է օրաթերթը, արդեն դատարանում է: