Վրացական Կազբեգի քաղաքի մունիցիպալիտետի աղբյուրը «Коммерсантъ» – ին հայտնել է, որ «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործել ցանկացող ռուսական ավտոմեքենաների կուտակման խնդիրը «գործնականում լուծվել է»:
Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով, որը ցանկացել է անհայտ մնալ, այժմ «սահմանին մնացել է այնքան մեքենա, որքան այնտեղ եղել է ավանդաբար՝ մինչև ճգնաժամի սկսվելը»:
«Коммерсантъ» – ի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն օգնել է Հյուսիսային Օսիայի իշխանությունների որոշումը՝ երկիր չթողնել ՌԴ քաղաքացիներին, որոնք ապրում են երկրի այլ ՌԴ այլ սուբյեկտներում: «Թույլ են տալիս միայն Վրաստանի, Հայաստանի, այլ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաև Հյուսիսային Օսիայի բնակիչներին»,— նշել է մունիցիպալ ծառայողը: Ըստ այդմ՝ սահմանը ոտքով հատել ցանկացողներ արդեն չկան։
Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան եկող բեռնատար մեքենաներից հերթը նախկինի պես պահպանվում է, բայց այն հիմա այնքան էլ մեծ չէ։
ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց անմիջապես հետո Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հսկայական հերթ է գոյացել մի քանի հազար մարդատար ավտոմեքենաներից: Այն սկսվում էր գրեթե Վլադիկավկազի մոտակայքից՝ մինչև սահմանային անցակետ։
Շուտով ՌԴ իշխանությունները հսկիչ անցակետի մոտ դաշտային զորահավաքային կենտրոն են բացել, սակայն դա ավելի քիչ է ազդել իրավիճակի վրա, քան Հյուսիսային Օսիայի իշխանությունների կողմից ֆեդերացիայի մյուս սուբյեկտների հետ վարչական սահմանների փակումը: