ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի և Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գիզաթ Նուրդաուլետովի հետ հանդիպումներում քննարկել է նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստի նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- ասել է Զայնետդինովը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Առաքելությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։